Ցուցումներ դիմորդին
- Ի՞նչ կրթաթոշակներ է առաջարկում DAAD-ն
- Ինչպե՞ս կարող եմ գտնել համապատասխան ամառային դասընթաց կամ մագիստրոսական ծրագիր
- Ինչպե՞ս կարող եմ PhD անել Գերմանիայում
- Ինչպե՞ս կարող եմ գտնել ղեկավար հետազոտական այցի համար
- Ե՞րբ կարող եմ դիմել կրթաթոշակային ծրագրին
- Արդյոք ինձ անհրաժեշտ է գերմաներեն լեզվի վկայական
- Արդյոք ինձ անհրաժեշտ է անգլերեն լեզվի վկայական
- Ինչպե՞ս կարող եմ կազմել ինքնակենսագրություն և գրել հիմնավորագիր նամակ
- Ցուցումներ պատշաճ և ամբողջական դիմում կազմելու համար
- Ինչպե՞ս է գործում DAAD դիմումների պորտալը
- Ինչպե՞ս է տեղի ունենում կրթաթոշակակիրների ընտրությունը
- Ինչպե՞ս կարող եմ գտնել հավելյալ տեղեկատվություն DAAD կրթաթոշակների վերաբերյալ
Ի՞նչ կրթաթոշակներ է առաջարկում DAAD-ն
Հետևյալ թիրախային խմբերի համար DAAD-ն առաջարկում է կրթական և գիտահետազոտական կրթաթոշակներ Գերմանիայում՝
- ՈՒսանողների համար (բակալավրիատ, մագիստրատուրա, օրդինատուրա). 3-4 շաբաթ տևողությամբ կրթաթոշակային ծրագիր, որը նախատեսում է լեզվի ամառային դասընթաց գերմանական կրթական հաստատություններում:
- Բուհավարտների համար (բակալավրիատ և մագիստրատուրա). մագիստրոսական կրթաթոշակներ գիտական բոլոր բնագավառներում, ինչպես նաև տնտեսագիտության, ճարտարապետության, երաժշտության, կատարողական արվեստի, կերպարվեստի և դիզայնի, վիզուալ հաղորդակցության ու կինոյի ոլորտում:
- Մասնագիտական փորձ ունեցող բուհավարտների համար. կրթաթոշակային ծրագիր, որը ներառում է որակավորման դասընթացներ զարգացող երկրների թեմատիկայով:
- Ասպիրանտների, հայցորդների, երիտասարդ գիտնականների համար. գիտահետազոտական կրթաթոշակներ (կարճատև՝ մինչև 6 ամիս, երկարատև՝ մինչև մեկ տարի ), PhD Գերմանիայում, երկկողմանի ղեկավարվող գիտահետազոտական ծրագրեր։
- Հետդոկտորական հետազոտողների համար. գիտահետազոտական կրթաթոշակներ (կարճատև՝ մինչև 6 ամիս)
- Փորձառու գիտնականների համար. գիտահետազոտական այցեր (մինչև 3 ամիս)
DAAD կրթաթոշակային ծրագրերի բազայում Դուք կգտնեք ինչպես DAAD-ի կողմից, այնպես էլ այլ դրամաշնորհային կազմակերպությունների կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրեր:
Ինչպե՞ս կարող եմ գտնել համապատասխան ամառային դասընթաց կամ մագիստրոսական ծրագիր
DAAD կայքէջում Դուք կարող եք մուտք գործել լեզվական և մասնագիտական դասընթացների բազա և գտնել գերմանական համալսարանների կողմից առաջարկվող ամառային դասընթացներ:
«Բոլոր կրթական ծրագրերը» կոչվող տվյալների բազայում Դուք կգտնեք անգլերեն և գերմաներեն լեզուներով առաջարկվող մագիստրոսական ծրագրեր Գերմանիայում: Անգլերեն լեզվով առաջարկվող ծրագրերին Դուք կարող եք ծանոթանալ „International Programmes“ տվյալների բազայում:
Համապատասխան ուսումնական ծրագիր գտնելու վերաբերյալ այլ ցուցումներ կարող եք գտնել DAAD-ի կայքում:
Ինչպե՞ս կարող եմ PhD անել Գերմանիայում
Օտարերկրացի դիմորդները, ովքեր ցանկանում են PhD անել Գերմանիայում, կգտնեն բազմաթիվ տեղեկություններ DAAD-ի „Research in Germany“ կայքում:
Եթե Դուք ցանկանում ենք PhD անել Գերմանիայում անհատական ձևաչափով, ապա հարկավոր է ներկայացնել հետազոտական ծրագրի նպատակը: DAAD-ի կայքում Դուք կգտնեք ցուցումներ այն մասին, թե ինչպես կազմել գիտհետազոտական ծրագրի նկարագիրը:
Ինչպե՞ս կարող եմ գտնել ղեկավար հետազոտական այցի համար
Գերմանական հետազոտական դաշտը բազմազան է և ընդարձակ: DAAD-ի „Research in Germany“ կայքում Դուք կգտնեք տեղեկատվություն համապատասխան հետազոտական հաստատությունների վերաբերյալ:
Բացի այդ մենք կազմել ենք ուղեցույց գերմանացի դասախոսի կողմից տրվող հրավեր նամակի վերաբերյալ:
Ե՞րբ կարող եմ դիմել կրթաթոշակային ծրագրին
Ծրագրերին դիմելու վերջնաժամկետներին Դուք կարող եք ծանոթանալ տվյալ ծրագրի նկարագրության մեջ՝«Դիմելու ընթացակարգ» բաժնում: Ծրագրերի մեծամասնության դեպքում վերջնաժամկետը սահմանվում է հոկտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Ֆինանսավորումը մեկնարկում է հաջորդ տարվա հուլիսից, կամ ձմեռային կիսամյակից սկսած:
Արդյոք ինձ անհրաժեշտ է գերմաներեն լեզվի վկայական
Անհրաժեշտ է Ձեզ գերմաներեն լեզվի վկայական, թե ոչ՝ կախված է Ձեր ընտրած կրթաթոշակային ծրագրից: Լեզվական պահանջների մասին տեղեկատվություն Դուք կարող եք գտնել ծրագրի նկարագրի մեջ՝ «Դիմելու նախապայմաններ» բաժնում:
Եթե տվյալ կրթաթոշակային ծրագրին դիմելիս պահանջվում է ներկայացնել գերմաներեն լեզվի իմացության վկայական, սակայն դիմորդը չունի հնարավորություն ստանալու այն մինչև վերջնաժամկետի լրանալը, ապա նման դեպքերում DAAD տեղեկատվական գրասենյակն իր դիմորդների համար կազմակերպում է անվճար onSET թեստ:
Այս տեսահոլովակում մենք քայլ առ քայլ բացատրում ենք, թե ինչպես կարելի է գրանցվել onSET թեստին:
Գրանցում onSET թեստին
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. OnSET վկայականը բավարար չէ գերմանական բուհ ընդունվելու համար: Բուհ ընդունվելիս հարկավոր է ունենալ լեզվի իմացության միջազգայնորեն ճանաչված վկայական:
Արդյոք ինձ անհրաժեշտ է անգլերեն լեզվի վկայական
Գերմանիայում կան բազմաթիվ անգլալեզու կրթական և հետազոտական ծրագրեր, որոնց կարող եք դիմել DAAD-ի միջոցով: Անհրաժեշտ է անգլերեն լեզվի վկայական, թե ոչ՝ կախված է Ձեր ընտրած կրթաթոշակային ծրագրից: Լեզվական պահանջների մասին տեղեկատվություն Դուք կարող եք գտնել ծրագրի նկարագրի մեջ՝ «Դիմելու նախապայմաններ» բաժնում:
Եթե տվյալ կրթաթոշակային ծրագրին դիմելիս պահանջվում է ներկայացնել անգլերեն լեզվի իմացության վկայական, սակայն դիմորդը չունի հնարավորություն ստանալու այն մինչև վերջնաժամկետի լրանալը, ապա նման դեպքերում DAAD տեղեկատվական գրասենյակն իր դիմորդների համար կազմակերպում է անվճար onSET թեստ: OnSET English թեստին գրանցվելիս հարկավոր է կատարել նույն այն գործողությունները, ինչ onSET Deutsch թեստին գրանցվելիս, տե՛ս վերևում:
Ինչպե՞ս կարող եմ կազմել ինքնակեսնագրություն և գրել հիմնավորագիր նամակ
DAAD կայքէջում Դուք կգտնեք ցուցումներ հիմնավորագիր նամակ շարադրելու մասին:
Բացի այդ մենք կազմել ենք նաև հայերեն լեզվով ուղեցույց ինքնակենսագրական և հիմնավորագիր նամակ կազմելու վերաբերյալ:
Ուղեցույց ինքնակենսագրություն և հիմնավորագիր նամակ կազմելու վերաբերյալԱրական սեռի դիմորդներին խնդրում ենք նշել ինքնակենսագրության մեջ՝ ծառայե՞լ են արդյոք բանակում, թե ոչ:
Ցուցումներ պատշաճ և ամբողջական դիմում կազմելու համար
- Խնդրում ենք ուշադրությամբ կարդալ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (« Դիմելու ընթացակարգ» բաժնում): Դիտարկվել կարող են միայն ամբողջական դիմումները:
Ինչպե՞ս է գործում DAAD դիմումների պորտալը
Կրթաթոշակի նկարագրության մեջ՝ «Դեպի դիմումը» բաժնում, քայլ առ քայլ պարզաբանվում է, թե դիմորդն ինչպես կարող է էլեկտրոնային ճանապահով ներկայացնել իր դիմումը: Այնտեղ Դուք կարող եք նաև բեռնել պորտալում գրանցվելու և դիմումը ներկայացնելու վերաբերյալ ուղեցույցներ:
Բացի այդ մենք պատրաստել ենք երկու տեսահոլովակ, որտեղ հայերեն լեզվով հանգամանալից ներկայացվում է, թե դիմորդը ինչպես կարող է գրանցվել պորտալում և դիմել մագիստրոսական կրթաթոշակին, կամ «Ամառային դասընթացներ» ծրագրին:
Ուղեցույց պորտալում առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ (մագիստրոսական ծրագիր)
Ուղեցույց պորտալում առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ (ամառային դասընթացներ)
Ինչպե՞ս է տեղի ունենում կրթաթոշակակիրների ընտրությունը
DAAD կրթաթոշակակիրների ընտրության ընթացքի և չափանիշների մասին տեղեկություններ կարող եք գտնել DAAD կայքէջում: Առանձին ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել նաև մեր տեղեկատվական կենտրոնը:
Ինչպե՞ս կարող եմ գտնել հավելյալ տեղեկատվություն DAAD կրթաթոշակների վերաբերյալ
DAAD-ի պաշտոնական կայքում Դուք կծանոթանաք ծրագրերին դիմելու նախապայմաններին, DAAD պորտալում դիմում ներկայացնելու ճիշտ կարգին և ընտրության ընթացքի վերաբերյալ կարևոր հարցերի պատասխաններին:
Բացի այդ մենք կազմել ենք հաճախակի տրվող հարցերի ցանկ։
Լրացուցիչ հարցերի դեպքում Դուք կարող եք դիմել մեր տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներին, ովքեր սիրով կպատասխանեն դրանց: Այստեղ Դուք կգտնեք մեր կոնտակտային տվյալներն ու խորհրդատվության ժամերը: